Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու

2020 թվականի նոյեմբերի 9-ից անցել է վեց տարի։ Այդ օրը շատ ծանր ու դաժան օր է մեր պատմության մեջ, բայց դրանից հետո ոչ պակաս ցավոտ օրեր ենք ունեցել, տեսել Արցախի էթնիկ զտումը։ Վեց տարին քիչ ժամանակ չէր, որ պայքարել ու ոտքի կանգնել ցանկացող ղեկավարությունը մեզ չհասցներ այն կետին, որ այսօրվա քննարկման հարցը չլիներ Բաքվից պարտադրվող սահմանադրական հանրաքվեն։ Վեց տարին ժամանակ էր, որը կարելի էր ու պետք էր օգտագործել բանակը հզորացնելու, մեր դիվանագիտական ներուժը մեծացնելու, մեր հակառակորդի թույլ ու ուժեղ կողմերն ավելի լավ հասկանալու, ինչպես նաև սեփական թերացումները տեսնելու, դրանք շտկելու և ոտքի կանգնելու համար։


Բայց այդ ժամանակը հոգով, մտքով ու սրտով հանձնված ՀՀ իշխանությունն օգտագործեց բանակը բարոյալքելու, Արցախի դեմ պայքարելու, Արցախի հայերին թիրախավորելու, Արարատ-Արագած կեղծ դիլեմաների, Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարելու և այլ հակապետական օրակարգերի համար։ Նրանք գերադասեցին մեզ բոլորիս մտցնել պարտության խարանի տակ, մեզ բոլորիս դարձնել կոտրված ու հանձնված, քան պայքարելու ու դիմադրելու ջանք գործադրել՝ հանուն մեր պետության։


Մենք հասել ենք մի կետի, երբ մեր երկիրը կոչում են «Արևմտյան Ադրբեջան» պատմության մեջ գոյություն չունեցող զավթողական անվամբ, և դրա դեմ պետական մակարդակով պայքար չկա, փոխարենը՝ մեզ եկել համոզում են հրաժարվել Անկախության հռչակագրից։ Հանձնվելուց ու խեղճանալուց արգահատելի բան չկա։ Թերևս անձնատուր լինելը անկամների ու տգետների համար հեշտ լուծում է, իսկ պայքարելը՝ բարդ, համառ, խելք ու կամք պահանջող աշխատանք։


Խոնարհումս 44-օրյա պատերազմում իրենց կյանքը դրած բոլոր մեր զինծառայողներին, որոնք կյանքի գնով չհանձնվեցին, այլ իրենց կյանքով ու զոհողությամբ պահեցին մեր բոլորիս ազգային արժանապատվությունը։ Որքան էլ ոմանց թվա, թե նրանց սխրանքը կարելի է մոռացության տալ, դա մեծ թյուրիմացություն է։ Ազատությունը պատկանում է նրանց, ովքեր քաջություն ունեն այն պաշտպանելու․․․


Հ․Գ․ Ափսոս է մեր ժամանակը, այն կարելի է օգտագործել հանուն Հայաստանի, այլ ոչ թե ընդդեմ մեր պետության և ինքնիշխանության։ Ի վերջո, ժամանակը գնում է․․․


Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյան




—

Փրկարարները տասնյակ մեքենաներ և բեռնատարներ են դուրս բերել արգելափակումից ողջ

Նոյեմբերի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ բազմաթիվ ահազանգեր։

Դեպքերը գրանցվել են Երևանում, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում։


Տրանսպորտային միջոցներն արգելափակվել են հիմնականում ձյան, մերկասառույցի, ցեխակույտերի, ինչպես նաև ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս գալու և ճամփեզրյա հատվածներում հայտնվելու հետևանքով։

Մասնավորապես՝ Սյունիքի մարզում՝ Գորիս-Հարժիս, Գորիս-Երևան, Տաթև-Լծեն, Աղվանի-Լծեն, Սիսիան-Գորիս և այլ ճանապարհահատվածներում, փրկարարները քարշակման միջոցով արգելափակումից դուրս են բերել տրանսպորտային միջոցներ։ Աղվանի-Լծեն ավտոճանապարհի տարբեր հատվածներում մերկասառույցի պատճառով արգելափակված 7 բեռնատար է դուրս բերվել։


Արգելափակումներից դուրսբերման աշխատանքներ են իրականացվել նաև Մարտունի-Գավառ, Ճամբարակ-Աղբերք, Վարդաղբյուր-Տաշիր, Վայք-Հեր-Հեր և այլ ճանապարհահատվածներում։

—

Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին

2020 թվականի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարությունը ոչ միայն կապիտուլյացիա էր, այլ նաև Արցախի և ՀՀ որոշ հատվածների օկուպացման նախերգանքը:


Ինչպես ավելի ուշ իշխանությունը խոստովանեց, իրենք ի սկզբանե Արցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին, իսկ պատերազմը պարտության տարան, հազարավոր մարդկանց կյանքից զրկեցին, որպեսզի իրենց դավաճան չկոչեն:


Թեպետ որևէ մեկը, վստահ եմ, չի կասկածում, որ պատմությունն իրենց հենց այդպես էլ արձանագրելու է:


Գործող կառավարիչներն Արցախն Ադրբեջան հռչակեցին, իսկ ՀՀ օկուպացված տարածքների թեման թողեցին հեռու անորոշության, իսկ ավելի կոնկրետ՝ ադրբեջանական քմահաճույքների տիրույթում:


ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյան




—

Հայաստան 2026 թվականի 10 ամսում այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ

Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2026 թվականի հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։


2026 թվականի հոկտեմբերին Հայաստան այցելել է 286.182 զբոսաշրջիկ։


2026 թվականի հունվար–հոկտեմբերին զբոսաշրջային այցելությունների ընդհանուր քանակը կազմել է 2.043.531։


2026 թ․ հունվար–հոկտեմբերին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (13%) և Իրանից (8%)։

—

Քվեարկության գաղտնիությունը խախտելու գործով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Հ.-ն թիվ 17/66 ընտրատեղամասում 2026 թվականի հունիսի 7-ին Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելիս՝ շահադիտական նպատակով լուսանկարել է իր քվեարկության արդյունքը բացահայտող՝ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի քվեաթերթիկը քվեարկության ծրարի մեջ տեղադրելու պահը։ Այնուհետև՝ քվեարկության հաջորդ օրը, լուսանկարն ուղարկել է Ա.Ս.-ին՝ այդ կերպ վերջինիս հասանելի դարձնելով իր քվեարկության արդյունքի վերաբերյալ տեղեկությունը։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։


«Ա.Ս.-ն, ստանալով Ա.Հ.-ի քվեարկության արդյունքը բացահայտող լուսանկարը, ստուգել է նրա քվեարկության արդյունքը՝ խախտելով քվեարկության գաղտնիությունը։


Ա.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՝ Քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը), իսկ Ա.Ս.-ի նկատմամբ՝ 215-րդ հոդվածի 2-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելու նպատակով ընտրողի քվեարկած քվեաթերթիկը ստուգելը):


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասվում է հաղորդագրությունում:

—

Լռությունը կապիտուլյացիայի ևս մեկ ձև է

Քանի դեռ մտածում ենք, թե պատերազմն ավարտվել է ու անընդհատ խաղաղությունից խոսում, ուրեմն մենք բոլորս ենք կապիտուլացվել։ Ինքնախաբեություն և կապիտուլյացիա է նաև այն միտքը, թե Արցախի խնդիրն այլևս գալիք սերունդների լուծելիք հարցն է։ Կարդում եմ վերջին օրերի գրառումները ու հասկանում՝ ցավոք, կապիտուլյացիան շատ ավելի խորն է նստած մեր մեջ, քան մտածում ենք։ Չեմ ուզում հիասթափություն կամ անկումային տրամադրություններ տարածել, բայց չասելն էլ մի ուրիշ կապիտուլյացիա է, որին այլևս չեմ ուզում մաս կազմել։ Հոգնել եմ։


Իսկ ճշմարտությունն այն է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել։ Ավելին, եթե նույնիսկ ինչ-որ հրաշքով Ալիևն ու Էրդողանը (Նիկոլն էլ վրադիր) փորձեն ավարտել այդ պատերազմը, մեր ժողովուրդը չպետք է թույլ տա, որ հանկարծ նման բան լինի։ Պատերազմի նման ավարտը նշանակում է հայ ժողովրդի չգոյություն։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել մեր ժողովրդին։ Եվ ոչ միայն իրազեկել, այլև նախապատրաստել։


Ճշմարտությունն այն է, որ մեր ժողովրդի առջև դրված ընտրությունը մեծ չէ՝ կա՛մ ուծացում, թուրքական շահ սպասարկող բիոզանգվածի վերածում, կա՛մ նոր պատերազմ ու հաղթանակ։


Մեր՝ ընդդիմադիրներիս, կողմից բազմիցս հնչեցված «արժանապատիվ խաղաղություն» արտահայտությունը ոչինչ է, եթե դրանից առաջ չկա «հաղթական պատերազմի» գաղափարը։ Ահա, թե ինչի մասին է պետք իրազեկել ժողովրդին։ Թե չէ մնացած բոլոր հարցերով ժողովուրդն ինքն ում ասես՝ սիրով և շատ մանրամասն կիրազեկի։


Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյան




—

Հայաստանը նրա ընտանիքում է. լեգենդար ENIGMA-ի կենդանի ձայնը գալիս է Երևան

Առաջին անգամ Երևանում՝ ոչ թե թրիբյութ, այլ՝ բնօրինակ (անձամբ)։ Նոյեմբերի 21-ին բեմ կբարձրանա Էնդրյու Դոնալդսը՝ լեգենդար ENIGMA-ի ձայնը։ Նրա համար սա անձնական պատմություն է։


Հայաստան գալու առաջարկն Էնդրյուն ուրախությամբ է ընդունել։ Նրան Հայաստանի հետ շատ բան է կապում. երգչի որդին կիսով չափ հայ է, տանը գիտեն և հարգում են հայկական ավանդույթները։ Այդ պատճառով էլ Երևանում կայանալիք համերգը նրա համար հերթական հյուրախաղ չէ, այլ առանձնահատուկ իրադարձություն։


«Էնդրյու Դոնալդսը ENIGMA-ի բնօրինակ ձայնն է՝ վառ, կայացած երգիչ, ակնառու ժամանակակից կատարող»,- ասում են կազմակերպիչները։


Իսկ ինչ է ասում ինքը՝ Էնդրյուն. «Ես ձեզ համար կկատարեմ ENIGMA-ի դասական երգերը և իմ սոլո էնիգմատիկ հիթերը։ Սա շոու է՝ հրաշալի լարային նվագախմբի, մանկական երգչախմբի և ձեր հարազատ Երևանից հրաշալի երգչուհու մասնակցությամբ։


Կլինի նաև մի համար հայ երաժշտի հետ։ Մենք այն հատուկ պատրաստում ենք Երևանի համար, որպեսզի ENIGMA-ի հնչողությունը միավորենք Հայաստանի հոգու հետ։ Կհանդիպենք նոյեմբերի 21-ին։ Երևան՝ խաղաղություն և սեր»։

—

Սահմանադրությունը պարտության հետևանքների օրինականացման գործիք չէ

Վեց տարի առաջ այս օրվա առավոտը մեզ համար սկսվեց գույժով։ Արթնացանք մի իրականության մեջ, որտեղ այլևս չկար այն Արցախը, որի համար սերունդներ էին պայքարել, և որի ազատության ու անվտանգության համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքն էին զոհաբերել։


2020 թվականի նոյեմբերի 10-ը մեր նորագույն պատմության ամենաողբերգական հանգրվաններից մեկն էր։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ այդ օրը ոչ միայն պատերազմի ավարտն էր, այլև շատ ավելի երկարատև ու կործանարար գործընթացի սկիզբը։


Այդ օրը ստորագրված եռակողմ հայտարարությունն իր քաղաքական հետևանքներով կապիտուլյացիայի ակտ էր։ Սակայն ամենասարսափելին այն է, որ դրան հաջորդած վեց տարիների ընթացքում պարտությունը ոչ թե հաղթահարելու, այլ այն քաղաքականապես ամրագրելու և նոր զիջումների հիմք դարձնելու ճանապարհն ընտրվեց։


Սկզբում հանձնվեցին Արցախի հարակից տարածքները։ Հետո եկան Գորիս–Կապան ճանապարհի, Շուռնուխի, Սև լճի և Իշխանասարի իրադարձությունները։ Հայաստանի ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զինված ներկայությունը դարձավ չհաղթահարված իրողություն։


Հետո իջեցվեց Արցախի կարգավիճակի նշաձողը, իսկ այնուհետև Արցախը ճանաչվեց Ադրբեջանի կազմում։ Դրան հաջորդեցին 2023 թվականի ողբերգական իրադարձությունները՝ Արցախի հայաթափումը, ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների բռնի տեղահանումը և հայկական հազարամյա ներկայության խզումը սեփական հայրենիքում։
Բայց գործընթացը դրանով չավարտվեց։


Սկսվեց սահմանազատում՝ առանց հանրային բավարար վստահության և անվտանգության համոզիչ երաշխիքների։ Տավուշում տարածքային զիջումները ներկայացվեցին որպես խաղաղության ձեռքբերում, մինչդեռ Հայաստանի ինքնիշխան տարածքներից ադրբեջանական զորքերի դուրսբերման խնդիրը մնաց չլուծված։


Արցախահայության հավաքական իրավունքների, ինքնորոշման և անվտանգ վերադարձի հարցերը աստիճանաբար դուրս մղվեցին պետական քաղաքականության առաջնահերթություններից։ Քաղաքական օրակարգում հայտնվեցին միջազգային դատական գործընթացներից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Սյունիքով Ադրբեջանի համար անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համաձայնությունները։


Եվ այս ամենին զուգահեռ սկսվեց մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր գործընթաց։


Վերանայման թիրախ դարձան մեր պատմական հիշողությունը, ազգային խորհրդանիշները, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությունը, Սփյուռքի հետ հարաբերությունների գաղափարական հիմքերը։ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության քաղաքական պայքարը հասարակության ներսում բացեց հակադրության ևս մեկ ճակատ։


Այս ամենը պատահական ու միմյանցից անկախ դրվագների ամբողջություն չէ։ Դրանք ձևավորում են քաղաքական մի տրամաբանություն, որի շրջանակներում արտաքին պարտադրանքներին հարմարվելու համար աստիճանաբար վերաձևակերպվում են պետության ազգային նպատակները, պատմական հիշողությունն ու ինքնության հենասյուները։


Եվ հիմա այս նույն իշխանությունը ցանկանում է վերաձևակերպել նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերը։


Բայց ի՞նչ քաղաքական ու բարոյական իրավունքով կարող է մի իշխանություն, որի կառավարման տարիներին տեղի են ունեցել այսպիսի ազգային աղետներ, նախաձեռնել պետության հիմնարար հասարակական պայմանագրի վերաշարադրումը։


Սահմանադրությունը սովորական օրենք չէ։ Այն ժողովրդի ինքնիշխան կամքի, հավաքական արժեքների և պետականության ապագայի վերաբերյալ հանրային համաձայնության արտահայտությունն է։ Իսկ նման համաձայնություն չի կարող ձևավորվել ազգային ինքնության, պատմական հիշողության և պետության ապագայի շուրջ հասարակական այսպիսի խոր պառակտվածության պայմաններում։


Առավել ևս, երբ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը համընկնում է Ադրբեջանի ղեկավարության հրապարակային պահանջներին, իսկ դրանք իրականացնելու պատրաստակամություն է հայտնում մի իշխանություն, որի նկատմամբ հանրության զգալի հատվածի վստահությունը խաթարված է։


Սահմանադրությունը չի կարող դառնալ պարտության հետևանքների օրինականացման կամ արտաքին պարտադրանքների սահմանադրական ամրագրման գործիք։


Մենք չենք մերժում սահմանադրական բարեփոխումների գաղափարը։ Մենք մերժում ենք դրանց իրականացումն այս իշխանության կողմից և հանրային այսպիսի խոր անվստահության ու պառակտվածության պայմաններում։


Նոյեմբերի 10-ը միայն ազգային ողբերգության հիշատակի օր չէ։ Այն նաև պետական ու ազգային պատասխանատվության օր է։ Եվ վեց տարի շարունակվող գահավիժումից հետո մեր դիրքորոշումը պետք է լինի միանշանակ։


Այս իշխանության օրոք և հասարակական այսպիսի խոր պառակտվածության պայմաններում՝ ո՛չ սահմանադրական որևէ բարեփոխման, ո՛չ սահմանադրական հանրաքվեի։


Որովհետև Սահմանադրությունը պետք է ամրագրի ժողովրդի միասնական կամքը, ոչ թե խորացնի նրա պառակտումը։ Այն պետք է ծառայի ինքնիշխան պետականության ամրապնդմանը, ոչ թե պարտության քաղաքական հետևանքների հավերժացմանը։


ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյան




—

«Օրենքով գողի» որդին՝ հոր հետքերով․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության կողմից իրականացված քննչական և ապացուցողական գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Գ.Պ.-ն, հանդիսանալով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի՝ հանգուցյալ Մ.Պ.-ի որդին, իր հերթին ձեռք է բերել և պահպանել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կարգավիճակ, որից բխող ազդեցությունն օգտագործելով՝ ներգրավվել է այլ անձանց միջև ծագած վեճերի լուծման գործընթացներում՝ հետապնդելով անօրինական նյութական օգուտ ստանալու նպատակ։


Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։


«Մասնավորապես, պարզվել է, որ 2025 թվականի սեպտեմբերին վերջինս, տեղեկանալով երկու անձանց միջև գումարային պարտավորությունների շուրջ առաջացած վիճաբանության մասին, իր մտերիմ Կ.Ղ.-ի միջնորդությամբ ներգրավվել է խնդրի լուծման գործընթացում՝ առաջնորդվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից ընդունված վարքագծի կանոններով։


Այդ նպատակով նա հեռախոսային խոսակցություններ է ունեցել վիճաբանության մասնակիցների և այլ անձանց հետ, օգտագործել իր հեղինակությունն ու ազդեցությունը, ինչպես նաև հայտնել անհրաժեշտության դեպքում իրեն մտերիմ բազմաթիվ անձանց ներգրավելու պատրաստակամության մասին։


Նշված գործողությունների դիմաց Գ.Պ.-ն պահանջել է 3 հազար 500 ԱՄՆ դոլար, որը, ըստ նախաքննության տվյալների, ստացել է տուժողին փաստացի պատկանող ավտոմեքենան նշված գումարի չափով էժան ձեռք բերելու եղանակով։


Նախաքննությամբ պարզվել է նաև, որ մեկ այլ դրվագով նույն անձը, տեղեկանալով քաղաքացու անձնական կյանքին վերաբերող հանգամանքների մասին, նրան ենթարկել է ծեծի, ապա այդ տեղեկություններն այլ անձանց չհայտնելու և հետագա խնդիրներից զերծ պահելու պատրվակով վերջինիս եղբորից պահանջել է 2 մլն ՀՀ դրամ։ Հետագայում պահանջված գումարը նվազեցվել է՝ հասնելով 2 հազար ԱՄՆ դոլարի։


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 258-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (խոշոր չափերով շորթումը), իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը)։


Գ.Պ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, իսկ Կ.Ղ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը։


Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,– ասվում է հաղորդագրությունում։

—

Verelq: ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան կապակցությամբ։


«Խորը վշտով տեղեկացնում ենք, որ կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի ՏԻՄ ընտրությունների թեկնածու Արսեն Գևորգյանը, որին իշխանությունը ընտրություններից առաջ կալանավորեց` վարկաբեկման արշավ սկսեց շինծու մեղադրանքներով։ Բանտում հերթական ընդդիմադիր գործչի մահվան պատասխանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով հարյուրավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են։


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ցավակցում է Արսեն Գևորգյանի ընտանիքին»,- ասվում է հաղորդագրությունում։

—